Բախումներ պետք է լինեին հարկայինի օպերատիվ վարչության աշխատակիցների հետ, որոնք եկել էին մեր աշխատողներին բռնելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ի դիմաց առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների օրեր առաջ «Առինջ մոլում» ցուցարարների եւ հարկայինի աշխատակիցների միջեւ տարաձայնությունների լուծմանը ներգրավվել է մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, Արմեն Ներսիսյանն ասաց. «Այո, պարոն Ծառուկյանը եկավ հաշտեցրեց, էդքանով իր գործն ավարտեց: Պայմանավորվածությունը եղավ այն, որ ժողովուրդը պետք է փաստաթուղթ վերցնեն: Իմ իմանալով «Առինջ մոլում» տաղավար տեղադրվեց «Նորֆոլկ» ընկերությանը, որ գան նստեն ու էդտեղից փաստաթուղթ տրամադրեն ժողովրդին: Ժողովուրդն էլ էդ փաստաթղթի մեջ վտանգ է տեսնում, քանի որ այդ ընկերությունը մենաշնորհ է, կարող է սնանկանա, երկրից հեռանա, քանի որ ասում են՝ օֆշորային գոտում է գրանցված: Վախում են նաեւ, որ վաղը կասեն՝ պետական կնիք չկա խփած, ինչ-որ ՍՊԸ-ի կնիք է փաստաթղթի վրա: Հանկարծ ՊԵԿ-ի նոր նախարար գա, կարող է ասել, որ այդ փաստաթուղթը օրենքի սահմաններում չի»:
Նշենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող առեւտրականները պահանջում են, որ իրենցից լրացուցիչ թղթաբանություն չպահանջեն, իրենք պատրաստ են վճարել հարկերը, բայց թղթաբանության համար ստիպված են լինելու հաշվապահ պահել, նրան վճարել եւ այլն:




























