Երեւանի կենտրոնում արդեն սկսել են կառուցել «Հին Երեւան» թաղամասը:

Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն սկսվել են Տերյան, Բուզանդ եւ Արամի փողոցների խաչմերուկներում, ինչպես նաեւ մյուս՝ Աբովյան փողոցի խաչմերուկում:

 «Հաջորդ տարի դուք մասշտաբային շինարարություն կտեսնեք», - ասել է Սարգսյանը:

Վերակառուցման ծրագրեր են ընթանում նաեւ Պուշկինի փողոցում ՝ (Սախարովի հրապարակից մինչեւ Աբովյան փողոց):

Վերջապես Կոնդ թաղամասի պատմական կերպարի պահպանման ծրագիր է պատրաստվում:  «Մենք կպահպանենք եւ կվերստեղծենք այն ամենն, ինչ հին քաղաքի մաս է կազմում», - հավաստիացրել է Նարեկ Սարգսյանը:

Նկատենք, որ հին քաղաքի հանդեպ սերը մայրաքաղաքի եւ երկրի իշխանությունների մոտ արթնացավ միայն այն ժամանակ, երբ շենքերի 90 տոկոսը «սիրելով» ոչնչացվել էին, իսկ նրանց տեղում «կապիտալիստական ռեալիզմի» ոճով բարձրահարկ էլիտար շենքեր էին կառուցվել:

Հիշեցնենք, որ Հին Երեւանի գլխավոր ներդրողը հայկական ծագմամբ շվեյցարացի միլիոնատեր Վարդան Սիրմակեսն է:

Նախագծի մասնակիցների թվում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետ Սերժ Սարգսյանի ժամանակ հաղթում էր Աղետի գոտու բոլոր շինարարությունների մրցույթները:

Նախագիծը 150 մլն դոլար է գնահատվում: Ներդրողները ցանկանում են մեկ տեղում հավաքել ապամոնտաժված հին շենքերը: Դրանց կմիացվեն նաեւ նոր ցածրահարկ շենքեր՝ թաունհաուսների ոճով: