ՊԵԿ նախագահի հայտարարությունն այն մասին, որ առեւտրականներին չի հաջողվի խուսափել հարկ վճարելուց եւ ՊԵԿ գործողություններն ուղղված են ստվերի կրճատմանը, զայրացրեց ԱԺ դիմաց հավաքված առեւտրականներին։
«Եթե ՊԵԿ նախագահը չի ուզում մեր հարցին ընդառաջ գնալ, պահանջում ենք նրա հրաժարականը», - լրագրողների հետ զրույցում ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։
Անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից առաջարկվող անվճար հիմունքներով տրամադրվող հաշվապահին՝ ՀԿ նախագահը խորհուրդ տվեց անվճար հաշվապահին իրենց պահել եւ չփորձել մոլորության մեջ գցել առեւտրականներին։
«Անվճար պանիրը, որ դրված է թալակի մեջ, միշտ համով, յուղոտ պանիր են դնում, որ մուկը ուտի ընկնի թալակի մեջ։ Էդ իրանց կողմից առաջարկած անվճար հաշվապահները ամենալավ հոլանդական պանիրն են, որ ժողովուրդը գնա ընկնի թալակի մեջ։ Այդ ձրի հաշվապահներին պահեք ձեզ, թող ձեզ համար ձրի գործ անեն», - ասաց նա ու հավելեց. «Էդ ձեր ձրի հաշվապահը մեզ պետք չի, էդքան աշխատող եք ընդունել աշխատանքի, ձեզ դա պետք չի, բոլոր հարկերը վերցրեք, մեզ հանգիստ թողեք: Թող հոլանդական պանիրով աշխատողները գործով զբաղվեն»:
Նշենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առեւտրականներն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ ՊԵԿ-ը նրանց համար անվճար հաշվապահներ է տալիս թղթաբանությունը կարգավորելու համար:
Ավելի վաղ տեսեկացրել էինք, որ «Առինջ մոլ»-ի եւ այլ տոնավաճառների առեւտրականներ հավաքվել են ԱԺ-ի մոտ եւ պահանջում են ապրանքի ներկրման համար ավելորդ թղթաբանությունը հանել շրջանառությունից: Առեւտրականներին հանդիպեցին եւ նրանց հետ զրուցեցին նաեւ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Միքայել Մելքումյանը։ Առեւրականները փորձեցին փակել փողոցը, մինչդեռ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հորդորներից հետո նման քայլի չդիմեցին։




























