ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը նախօրեին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) էկոնոմիկայի եւ արտաքին առեւտրի նախարար Մուհամմադ Սամեր Խալիլը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են գործնական մի շարք քայլեր երկու պետությունների միջեւ տարբեր ոլորտներում տնտեսական փոխգործակցությունն աշխուժացնելու նպատակով, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել Սիրիայի վերականգնման ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություներում ստեղծել մասնագիտացված խմբեր, որոնք կաշխատեն ծրագրերի նախագծման վրա: Արդյունավետ առեւտրատնտեսական գործակցությանը նպաստելու համար կողմերը համաձայնել են փոխանակել ապրանքների եւ արտադրանքի ցուցակները, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն երկու երկրների սպառողական շուկաներում: Կողմերը նաեւ պայմանավորվել են Դամասկոսում եւ Երեւանում անցկացնել Սիրիայի եւ Հայաստանի արդյունաբերական եւ զբոսաշրջային շաբաթներ:

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության զբոսաշրջության նախարար Բուշր Յազջիի հետ: Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունն աշխուժացնելու հնարավորությունները:

Նախարար Յազջին նշել է, որ չնայած ահաբեկչական պատերազմի հետեւանքով զբոսաշրջության անկմանը՝ Սիրիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոլորտի վերականգնման ուղղությամբ եւ ակնկալում է բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում: Կողմերը համակարծիք էին, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնեու համար առկա են բարենպաստ նախապայմաններ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 28-ից գործող Դամասկոս-Երեւան չվերթը:

Ընդլայնված կազմով ՀՀ եւ ՍԱՀ պատվիրակությունների նիստում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, ինչպես նաեւ ուրվագծել այդ բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Նիստի ընթացքում ՀՀ պատվիրակությանը ցուցադրվել են Սիրիայի զբոսաշրջության շրջանների մասին կարճ տեսահոլովակներ:

Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Դամասկոսի Հայ առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքիեպիսկոպոս Նալբանդյանի եւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Սիրիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ տարբեր պաշտոնյաների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Նա նշել է, որ ուրվագծվել են նախադրյալներ՝ ստեղծելու համատեղ արտադրություններ եւ սիրիացի գործարարներին հնարավորություն ընձեռելու, Հայաստանում արտադրություն ծավալելով, մուտք գործել ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաներ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում նախարարը ներկաների հետ քննարկել է համայնքի խնդիրները, ինչպես նաեւ պատասխանել է դամասկոսահայությանը հուզող հարցերին:

Սիրիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ՍԱՀ ներդրումների հիմնարկությունում եւ Սիրիայի առեւտրաարդյունաբերական պալատում: