Երեւանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը բարձրաձայնեց Երեւանի դպրոցների եւ մանկապարտեզների անվտանգության կազմակերպման հարցը: Նա անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառելու դեպքին, հարց ուղղեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Արմավիրի մարզի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից հետո խոսում են դպրոցներում եւ մանկապարտեզներում անվտանգության կազմակերպման խնդրի մասին:  Ի՞նչ լրացուցիչ միջոցներ են նախապատրաստվում մանակապարտեզների եւ դպրոցների անվտանգությունն ապահովելու համար»:

Որին Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ մինչեւ այդ հարցին լուծում տալը, քաղաքապետարանը կդիմի ոստիկանությանը՝ դպրոցների եւ մանկապարտեզների հսկողությունն ուժեղացնելու խնդրանքով. «Մենք պետք է անվտանգության պայմաններն ուժեղացնենք: Խնդրելու ենք Երեւան քաղաքի ոստիկանությանը, որպեսզի իրենք էլ հսկողությունն ուժեղացնեն, մինչեւ տեսնենք հետագայում անվտանգության առումով ինչ քայլեր ենք ձեռնարկելու»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզումտ տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պահում էր 3-ամյա երեխայի: Պատանդառուն Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է, նա ձերբակալվել է: