Հիմա պետությունը նվազեցրեց փոքր աշխատավարձերի հարկը, սակայն հասկանալի չէ, թե ինչ է լինելու հետո: Հոկտեմբերի 31-ին այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: 

Ինչպես հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, 2018 թվականից, երբ ուժի մեջ մտնի Հարկային օրենսգիրքը, եկամտային հարկը կնվազի ամսական 279 հազար դրամից (580 դոլար. խոսքը ոչ թե զուտ աշխատավարձի, այլ համախառնի մասին է) ցածր բոլոր աշխատավարձերի համար: Իսկ հենց դրանք են երկրում մեծամասնություն կազմում: «Նրանք, ովքեր ավելի շատ են ստանում, կսկսեն նաեւ շատ վճարել, սակայն տվյալ դեպքում մեկը մյուսին չի փոխարինում»,- ասաց Միրումյանը:

Իհարկե, բացարձակ թվերով հավաքումը, միեւնույն է, 6 տոկոսով կաճի՝ մինչեւ 367,9 մլրդ դրամ: Բայց միայն այնքան, որքան բնական կերպով աշխատավարձերն աճում են: Սակայն եթե տոկոսադրույքները մնային նախկինը, ապա կհավաքեինք 3,8 մլրդ դրամ հավելյալ գումար: «Այնուամենայնիվ, պետությունը գնաց հարկահավաքման կորստի ճանապարհով, որ աջակցի ոչ մեծ եկամուտներ ունեցող քաղաքացիներին»,- հավելեց նա:

Ի պատասխան Մելքումյանն ասաց, որ արդեն հիմա միջին աշխատավարձը գրեթե 190 հազար դրամ է եւ մինչեւ 279 հազար դրամի կարող է հասնել մի քանի տարում: «Եթե ոչ՝ ավելի վատ: Իսկ եթե այո՝ այդ դեպքում մարդիկ ի՞նչ անեն: Նրանք բոլորը կսկսեն ավելի շատ հարկ վճարել, քան նախկինում»,- ընդգծեց նա:

Միրումյանն ի պատասխան ասաց. «Հարցը քննարկման կարիք ունի եւ կքննարկվի: Ամեն դեպքում առաջիկա մի քանի տարիներին այսպիսի վտանգներ չեն լինի»: