ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հոկտեմբերի  31-ին, ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը եւ անտառների պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը:

Առանձին անդրադարձ է կատարվել հայ մասնագետների ներգրավմամբ Հայաստանի անտառտնտեսությունների զարգացմանը, անտառշինարարության իրականացմանը, ինչպես նաեւ Բելառուսում հայ մասնագետների վերապատրաստմանը:

Քննարկվել է նաեւ Հայաստանում անտառաշինություն իրականացնող կազմակերպության հիմնման, անտառային ճանապարհների, որսորդական տնտեսությունների նախագծման եւ այլ նախագծային աշխատանքների կազմակերպմանը բելառուսական կողմի աջակցության հնարավորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականի գարնանը Վանաձոր քաղաքին հարող մոտ 15 հեկտար անտառային հողերի վրա երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների համատեղ ջանքերով հայ-բելառուսական բարեկամության անտառի ստեղծման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: