Բելգիայի կառավարությունը կապի մեջ կլինի  Իսպանիայի իշխանությունների հետ՝ Կատալոնիայի առաջնորդի՝ Մադրիդի կողմից պաշտոնանկ արված Կառլես Պուչդեմոնի՝ այդ երկրում գտնվելու կապակցությամբ, հաղորդում է AP-ը:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի խոսքով, Պուչդեմոնին ոչ մի հատուկ արտոնություն չի տրամադրվի: Նրա հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունը պարբերաբար  դիվանագիտական կապի մեջ  է լինելու Իսպանիայի հետ՝ ընթացիկ հանգամանքների հարցով։

Բելգիայի կառավարությունը պնդում է, որ ոչ մի ջանք չի գործադրել Պուչդեմոնի՝ Բելգիա կատարած այցի համար:

Ավելի վաղ, ինքը՝ Պուչդեմոնը, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մտադիր չէ Բելգիայից քաղաքական ապաստան խնդրել  եւ կվերադառնա, հենց որ հանգամանքները թույլ տան: