Գերմանիայի Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Բարբարա Հենդրիքսը երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է, որ ամուսնացել է ուսուցչուհի Վալերի Վոզանժի հետ: Արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի Հենդրիքսի հայրենի քաղաքում՝ Քլեվում, փոխանցում է DW-ն:
Գերմանացի նախարարն իր սեռական կողմնորոշման մասին խոստովանել է դեռեւս 2013-ին. իր ընտրյալի հետ նա ծանոթ է շուրջ 20 տարի: Վալերի Վոզանժը, Գերմանիայից զատ, ունի նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն եւ 9 տարով փոքր է 65-ամյա Բարբարա Հենդրիքսից:
Գերմանիայում առաջին նույնասեռական ամուսնությունը գրանցվել է 2017-ի հոկտեմբերի 1-ին: Այդ ժամանակ ամուսնական միության գրանցման վկայական են ստացել 60-ամյա Բոդո Մենդեն եւ 59-ամյա Կառլ Քրայլը:
Նույնասեռականների ամուսնությունների լիակատար ու իրավահավասար ընդունումը նախատեսող օրինագիծը, որը Գերմանիայում ստացել է «ամուսնություն բոլորի համար» անվանումը, Բունդեսթագի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունվել է հունիսի 30-ին՝ 393 կողմ, 226 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է քվեարկել օրինագծին: Մինչեւ 1969-ը Գերմանիայում նույնասեռականների ամուսնությունները քրեորեն հետապնդվել են:
Այդպիսի ամուսնությունները Գերմանիայում հաշվառում են 2001-ից, բայց նույնասեռական ամուսիններն ավելի քիչ իրավունքներ ունեին, քան ավանդական սեռական կողմնորոշմամբ զույգերը: Նույնասեռական ամուսնություն է կնքել, մասնավորապես, Գերմանիայի նախկին արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն:






























