Նոր Զելանդիայի  իշխանությունները որոշել են յուրովի մոտենալ ջրամբարների մոտ անվտանգության քարոզչությանն ու Instagram-ում գերանդին ձեռքին մահվան ծովափնյա զվարճանքների մասին բլոգ են  ստեղծել: Այդ մասին հաղորդում է «Մոյա պլանետան»:

Մահվան խավար խորհրդանիշը զվարճանում է՝ ստիպելով Ձեզ նախանձել. «Նույնիսկ մահն ավելի հետաքրքիր կյանք ունի, քան ես»:

Գերանդիով կինը ծովափնյա վոլեյբոլ է խաղում, լողում է փչովի վարդագույն հովազի վրա, լուսանկարվում է գեղատեսիլ ջրվեժի մոտ, կոկտեյլներ է վերցնում, հանգստացողներին է հետեւում բարձրադիր խցից, կարծես պատրաստ՝ ցանկացած պահի մոտենալ խեղդվողին:

Կոշտ գովազդային արշավն ուղղված է 18-24 տարեկան տղամարդկանց: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, քաղաքացիների հենց այդ խումբն է առավել հաճախ մահվան ռիսկի ենթարկվում  Նոր Զելանդիայի ծովի, լճերի ու գետերի ափամերձ հանգստավայրերում: Կառավարությունը որոշել է այսպիսի անսովոր ձեւով դիմել երիտասարդներին՝ հրաժարվելով ավանդական սոցիալական հեռուստագովազդից: