Չինաստանի շահերից է բխում Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան այլընտրանքային երկաթուղու կառուցումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Փորձագետի խոսքով՝ սա կդառնա վերջերս բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պատասխանը: «Մենք պետք է մեր երկաթուղին կառուցենք, համագործակցենք Չինաստանի հետ, որովհետեւ դա բխում է նաեւ նրա շահերից, քանի որ խոսքը վերաբերում է Մեծ Մետաքսի ճանապարհի հատվածին»,- պարզաբանեց Մանասերյանը՝ հավելելով, սակայն, որ Հայաստանի համար դեռեւս ամեն ինչ հասկանալի չէ:

Ի պատասխան հարցին՝ Չինաստանի համար ավելի շահավետ չէ՞ միանալ արդեն գոյություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին եւ իր արտադրանքը տարածաշրջանում դրա միջոցով իրացնել՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան նոր գծի հիպեթետիկ կառույցին սպասելու փոխարեն, որը կարող է տարիներ տեւել, տնտեսագետը նշեց, որ առաջին ընդառաջ քայլը պետք է Հայաստանը կատարի, բայց դրա հետ մեկտեղ ընդգծեց, որ տվյալ երկաթուղու շինարարությամբ ոչ թե միայն Երեւանն է շահագրգռված, այլ նաեւ մյուս կողմերը: