Հայաստանն իսկապես կրթական և մշակության մեծ ավանդույթներ ունի. այստեղ ևս, ինչպես Չինաստանում, կարևորում են կրթության դերը: Այս մասին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին:
ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուային եւ Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի եւ մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիին:
Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է կրթության եւ գիտության ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը: «Որպես երկու հնագույն ժողովուրդներ` մենք ունենք ընդհանրություններ. երկուստեք մեծ է հետաքրքրությունը կրթության նկատմամբ: Առհասարակ, կրթությունը լավագույն ներդրումն է: Բացի այդ, մեր երկրում չինարենի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա, հետեւաբար ակնկալում ենք չինական կողմի աջակցությունը` չինարեն լեզվի ուսուցիչների պատրաստման գործում»,-նշել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Հայաստանը` որպես Բոլոնիայի գործընթացի անդամ, եվրոպական կրթական համակարգի մաս է:
«Մեր դռները միշտ բաց են աշխարհի առջեւ. միջպետական համաձայնագրերի շրջանակում մեր երկու երկրների ուսանողները ստանում են համապատասխան կրթություն, որն էլ իր հերթին նպաստում է երկկողմանի համագործացության խորացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի եւ մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան: «Հայաստանն իսկապես կրթական եւ մշակության մեծ ավանդույթներ ունի. այստեղ եւս, ինչպես Չինաստանում, կարեւորում են կրթության դերը»,-նշել է նա` տեղեկացնելով, որ Հայաստան այցի ընթացքում չինական պատվիրակությունը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որի ընթացքում քննարկվել են երկու բուհերի համագործակցության ուղղությունները, ՀՊՄՀ-ում չինարենի՝ որպես մասնագիտության ներդրման նախապայմանները, համատեղ ծրագրեր ու պլաններ կազմելու վերաբերյալ մի շարք հարցեր: «Օտար լեզվի իմացությունը շատ կարեւոր է միջմշակութային հաղորդակցության առումով: Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի եւ մշակույթի ինստիտուտն ունի առաջատար մի շարք համալսարանների հետ միջազգային համագործակցության մեծ փորձ եւ արդյունքներ, ինչը նոր համագործակցության համար կարեւոր պայման եւ լավ սկիզբ է: Հետեւաբար, չինական կողմը հնարավորինս կաջակցի Մանկավարժական համալսարանին` կյանքի կոչել այս ծրագիրը: Եվ եթե այդ բուհում չինարենը ներդրվի որպես մասնագիտություն, ապա երկու երկրների համար էլ այն մեծ կարեւորություն կունենա»,-նշել է Չժու Ժույպին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության այլ հարցեր:




























