2018-ին խորհրդարանի աշխատակազմի բյուջեն նկատելի փոփոխություններ չի կրի: Այդ մասին ասվում է Հայաստանի պետբյուջեի հաջորդ տարվա  նախագծում, որոնց քննարկումներն անցկացվում են խորհրդարանական մշտական հանձնաժողովներում:

2018-ի համար  նախատեսվում է 4 միլիարդ 585 միլիոն դրամ (9,55 միլիոն դոլար) կամ 5 տոկոս ավելի, քան 2017-ին: Ինչպես նոյեմբերի մեկին քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, ծախսերը շոշափելիորեն մեծացնել առայժմ չի ծրագրվում , բայց հաշվի են առնվել բովանդակային փոփոխությունները՝ խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերի մեծացում: Դրանով պայմանավորված գործուղման ծախսերը կմեծանան՝ 350 միլիոնից դառնալով 650 միլիոն դրամ:

Նախատեսվել է նաեւ ՄԱԿ-ի եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից հավելյալ տեխնիկական վերազինում: Այդ գումարներով նախատեսվում է նոր գրասենյակային տեխնիկայի ձեռքբերում:

«Հարցումները եւ պատգամավորների, եւ հանձնաժողովների կողմից շատ են: Կփորձենք դրանք համատեղել բյուջեի հնարավորությունների հետ », - հավելել է Սաղաթելյանը: