ԵՏՄ անդամ երկրի կարգավիճակով մենք առաջին հերթին հետապնդում էինք այս նպատակները, այսինքն՝ ապրանքաշրջանառության աճ անդամ երկրների հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Անցյալ տարի դեպի Ռուսաստան մեր արտահանման աճը գյուղատնտեսության ոլորտում կազմել է մոտ 40 տոկոս։ Այս տարի ցուցանիշներն ավելի փոքր են, բայց 35 տոկոսից բարձր են։ Մենք Հայաստանում զարգացնում ենք ջերմոցային տնտեսություն։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ գյուղատնտեսությունը մեզ մոտ շատ զարգացած է, բայց ավելի մեծ աճի ներուժ կա։ Եթե խոսենք գյուղատնտեսական արտադրանքի տեսակներից, որոնք մենք կարող ենք Ռուսաստան արտահանել, ապա դրանք են մրգեր, բանջարեղեն, պահածոներ, պանիր․․․ Եվ այդ սեկտորի հիանալի հատկությունն այն է, որ այստեղ մենք մատակարարում ենք ոչ թե մի մենիշխան ձեռնարկության արտադրանքը, ենթադրենք, լեռնահանքային արդյունաբերության։ Գյուղատնտեսության ոլորտում մեզ մոտ զբաղված է ավելի քան 350 գյուղատնտեսական օբյեկտ, այդ պատճառով եկամուտները հավասարաչափ են բաշխվում։ Եվ դա շատ կարեւոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Ի պատասխան հարցին, թե կարող է Հայաստանն արդյոք մասնակցել Ռուսաստանի՝ ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ծրագրին, Սարգսյանն ասել է․ «Իհարկե, անպայման։ Այստեղ նույնպես մեծ հնարավորություններ կան։ Առաջին հերթին, մենք զբաղվում ենք արդյունաբերական համագործակցության հարցերով եւ կզարգացնենք սարքավորումների, հաստոցների, մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի արտարդությունը։ Այստեղ մեծ հնարավորություններ կան։ Եվ այդ կապակցությամբ անպայման պետք է հաշվի առնել, որ բոլոր հայերի 2/3-ը Հայաստանից դուրս է ապրում։ Նրանք լավ ինտեգրված են այն երկրների հասարակություններում, որտեղ ապրում են եւ վատ արդյունքների չեն հասնում նաեւ արդյունաբերության ոլորտում։ Նրանք հետաքրքրվում են մեծ շուկաներով։ Մենք արդեն ստեղծել ենք մի քանի համատեղ ձեռնարկություններ։ Եվ երբ ես ասում եմ արդյունաբերական համագործակցության զարգացում, ես նկատի ունեմ ժամանակակից մրցունակ ապրանք»։



























