ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը խորին ցավակցություն է հայտնել անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազում երկրպագուներին:

«Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով բեմարվեստին, վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը: Նրա գործունեության յուրօրինակ դրսեւորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրած՝ ժամանակակից եւ դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը:

Նշանակալի էր անվանի բեմադրիչի ավանդը նաեւ հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման եւ բարեկամության ամրապնդման գործում»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: