Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների եւ 12-16 տարեկան պատանիների համար:

Ծրագրի հեղինակը դաշնակահարուհի, երաժշտագետ Մարինե Կարոյանն է, ով մասնակիցների հետ մտերմիկ երաժշտական զբոսանքներ է անցկացնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում: Ծրագրի մեկնարկից ի վեր արդեն իրականացվել է 14 հանդիպում, որին ներգրավվել են շուրջ 200 երեխաներ եւ պատանիներ: Մարինե Կարոյանի հետ ինտերակտիվ հանդիպումների ընթացքում մասնակիցներն արդեն անդրադարձել են երաժշտական տարբեր հետաքրքրաշարժ թեմաների՝ նախապատմական շրջան, հին քաղաքակրթություններ, Հին Հունաստան եւ Հռոմ, Միջին դարեր եւ  Վերածնունդ:

«Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն եւ սեր ձեւավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր եւ շարունակական հարաբերություններ ընտանիքների եւ պատանեկան լսարանի հետ: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության եւ աջակցության համար»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:  

«Երաժշտական եւ էսթետիկ դաստիարակությունն անձի կայացման գործում կարեւորագույն նշանակությունն ունի։ Մեր սոցիալական պատասխանատվությունն է երիտասարդության բազմակողմանի զարգացման համար պայմաններ ստեղծելը։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս ծրագիրը մեր երեխաների կյանքը կդարձնի ավելի լավը՝ ձեւավորելով նրանց ճաշակը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագիրը տեղի է ունենում շաբաթ օրերին. յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը հյուրընկալվում են ընտանիքները, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ պատանիները: Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ (010) 54 19 32, կամ  (010) 54 19 34 հեռախոսահամարներով:

Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։