Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը ԱՄՆ իշխանություններին հավաստիացրել է Բեռլինի աջակցության մասին: «Ահաբեկչության դեմ պայքարը բոլորիս է վերաբերում: Այս անիմաստ բռնության դեմ պայքարում մենք միանշանակ  ԱՄՆ կողմում ենք»,- նոյեմբերի 1-ին հայտարարել է նա: Գաբրիելը միաժամանակ նյույորքցիներին կոչ է արել ահաբեկիչներին թույլ չտալ իրենց վախեցնել եւ պահպանել իրենց ազատ ու հրապարակային կենսակերպը, փոխանցում է DW-ն: 

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքով՝ Նյու Յորքի ահաբեկչությունը «եւս մեկ սարսափելի հաստատում է, որ արեւմտյան ամբողջ աշխարհը գտնվում է իսլամական ահաբեկչության ուշադրության կենտրոնում»: «Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ նրան կդիմակայենք սերտ համագործակցությամբ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ընդգծել է նա:

Նյու Յորքում ահաբեկչության իրագործման մեջ կասկածվող 29-ամյա ուզբեկ Սայֆուլո Սաիպովը Ներքին Մանհեթենում հարձակումն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:

Հոկտեմբերի 31-ի ցերեկը ավտոմեքենայի ղեկին նստած տղամարդը մի քանի մարդու վրաերթի է ենթարկել, այնուհետեւ հրաձգություն սկսել: Հարձակվողին ոստիկանները ձերբակալել են: Տեղի ունեցածի հետեւանքով 8 մարդ է զոհվել, 10-ից ավելին տարբեր վնասվածքներ են ստացել: