Բարսելոնայի հայկական մշակութային միությունը կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց միության նախագահ Տաթեւ Սուլյանը՝ անդրադառնալով Կատալոնիայի անկախացման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Բարսելոնահայության կարծիքը չեմ կարող ներկայացնել, մեկը չկա, որ իրավունք ունի այս հարցի շուրջ բարսելոնահայերի կարծիքը ներկայացնել: Կարող եմ միայն ասել, որ Բարսելոնայի հայկական մշակութային միությունը կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին, դեմ ենք, կողմ ենք անկախացմանը՝ ուղղորդող կարծիք չենք կարող ասել»,-ասաց նա:

Տաթեւ Սուլյանը նշեց, որ Կատալոնիայի հանրաքվեին իրավունք է ունեցել մասնակցել Բարսելոնայում ապրող հայերի շատ քիչ տոկոսը, ովքեր ունեն Իսպանիայի քաղաքացիություն. նրանք չեն ունեցել հստակ ուղղվածություն՝ «այո», կամ «ոչ» քվերակելու. «Բարսելոնայի հայերի չնչին մասն իրավունք ուներ մասնակցել  Կատալոնիայի ռեֆերենդումին, նրանք, որոնք Իսպանիայի քաղաքացիներ էին, բայց հայերը չունեին հստակ ուղղվածություն՝ այո, կամ ոչ քվեարկելու: Ավելի հետաքրքրված էին նրանք, որոնք այս գործընթացի մաս էին կազմում: Մյուս կողմից, սակայն, Բարսելոնայի հայկական մշակութային միությունը հոկտեմբերի 1-ին հստակ հայտարարություն տարածեց, որ հայերը կողմ են ազգերի ինքնորոշման իրավունքով կերտվելիք պետություններին»:

Հարցին, թե ինչի՞ կարող են հանգեցնել Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները, հնարավո՞ր են բախումներ, Սուլյանը պատասխանեց, որ չի կարծում, որ կողմերը գնան ռազմական բախման եւ արյունահեղության. «Հույս ունեմ, որ կփորձեն երկխոսության ճանապարհով ինչ-որ լուծում գտնել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել Կատալոնիայի անկախության հռչակագիրը:

Իսպանիայի պետական դատախազը նաեւ վերականգնել է Կատալոնիայի առաջնորդներին ներկայացված անջատողականության դրդելու մեղադրանքները: Գերագույն դատարանն արդեն վարույթ է ընդունել ինքնավարության խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի դեմ գործը:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը ճանաչել էր խորհրդարանը ցրելու մասին Իսպանիայի կառավարության որոշումը եւ աշխատանքը դադարեցրել էր մինչեւ դեկտեմբերի 21-ին վաղաժամկետ ընտրությունների անցկացումը: Հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացրած Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը եւ եւս 5 նախարար Բարսելոնից հեռացել են եւ դատական հետապնդումից ապաստան են փնտրում Բելգիայում: