Երեւանում բացվել է Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարը, որին մասնակցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Վարդան Պապիկյանի քրոջը՝ Հայկուհի Պապիկյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ:

Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի գողտրիկ անկյունում բացված խաչքարը, բանախոսների հավաստմամբ, յուրօրինակ պատգամ կլինի բոլոր այն հայորդիների համար, ովքեր անձնվիրաբար կծառայեն ու անառիկ կպահեն հայրենիքի սահմանները: Վարդան Պապիկյանի քույրն էլ՝ Հայկուհի Պապիկյանը, նկատել է, որ խաչքարի տեղադրումն իրենց ընտանիքի համար Երասխավանի մարտի ժամանակ անհայտ կորած իր եղբոր յուրօրինակ վերադարձի խորհուրդ եւ նշանակություն ունի, ինչի համար իր երախտագիտությունն է հայտնել  նախաձեռնության հեղինակներին եւ այն կյանքի կոչողներին: 

Հարկ է նշել, որ քաջարի հայորդին Արցախյան ազատամարտի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է եղել, ով 1990 թվականի հունվարի 18-ին «Անկախության բանակի» շարքերում մասնակցել է Երասխավանի մարտերին, որի ժամանակ էլ անհայտ կորել է: