Առնվազն մինչեւ  2027 թվականը Մեծամորի ատոմակայանը շարունակելու է շահագործվել, իսկ երկարաժամկետ ապագայում Հայաստանը չի հրաժարվելու ատոմային էներգետիկայի կիրառումից։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մեկնաբանություններին, թե Հայաստան-ԵՄ համաձայնգարի ստորագրումից հետո Հայաստանը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը:

«Ինչ վերաբերում է ատոմակայանի հետագա շահագործման վերաբերյալ շահարկումներին, ինչպես ասել է ՀՀ նախագահը՝ առնվազն մինչեւ 2027 թվականը Մեծամորի ատոմակայանը շարունակելու է  շահագործվել, իսկ երկարաժամկետ ապագայում Հայաստանը չի հրաժարվելու ատոմային էներգետիկայի կիրառումից։ Սա կարեւոր հայտարարություն է, որն արեց նախագահը, եւ բոլոր այն շահարկումները, թե ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու դեպքում  Հայաստանը կհրաժարվի ատոմային էներգետիկայից, այդպես չէ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողները հետաքրքրվել են անկախություն հռչակած Կատալոնիայի եւ Արցախի հարցից, ինչի կապակցությամբ Շարմազանովը հայտարարել է. «Արցախյան հիմնախնդիրը եւ Կատալոնիայի անկախության հարցը որեւէ նմանություն չունեն։ Արցախի հարցն այլ հարց է։  Այն նմանություն ունի Խորհրդային նախկին հանրապետությունների անջատման հետ։ Արցախն անջատվել է՝ չհակասելով գործող Խորհրդային Միության Սահմանադրությանը»: