Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երեւանի առեւտրի իրացման վայրերի համար հաց եւ արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 381 (279-ը՝ Երեւանում, 102-ը՝ մարզերում) եւ միս տեղափոխող՝ 103 (59-ը՝ Երեւանում, 44-ը՝ մարզերում) տրանսպորտային միջոցի:

Ծառայությունից հայտնում են, որ կան, սակայն, տնտեսվարողներ, որոնք դեռեւս չեն դիմել եւ չեն ստացել սանիտարական անձնագրեր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգուշացնում է. այն տնտեսվարողները, որոնք չեն հետեւի ժամանակացույցին եւ չեն համապատասխանեցնի տեղափոխող մեքենաները սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 100-300 հազար դրամի չափով:

Ծառայությունը հետեւողական է լինելու դաշտը վերահսկելու հարցում: