2018թ. գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության բարվոք պայմանենրի ստեղծմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսությունում տնտեսվարողները պետք է ապահովված լինեն բարձրորակ սերմերով, ուշադրություն է դարձվելու նաեւ բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների, հանքային պարարտանյութերի եւվարկերի մատչելիությանը: Առանձնակի ուշադրություն է դարձվելու բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում ֆինանսավորման:
«Մենք մշակված նոր ծրագրեր ունենք, որոնք թույլ կտան բոլոր ուղղությունները ծածկել: Հայաստանում մեծ խնդիր կա եւ գյուղտեխնիկայի մաշվածության հետ կապված, եւ մատչելի ֆինանսական ռեսուրսների առումով: Լիզինգի ծրագրով հնարավորություն ստեղծեցինք մատչելի տրամադրել գյուղտեխնիկա, դա շարունակվելու է նաեւ հաջորդ տարի, նաեւ մթերումների կազմակերպումն է կարեւոր՝ 3 տոկոսանոց վարկեր են տրամադրվելու մթերող ընկերություններին»,-ասաց Առաքելյանը:
Նախարարը նաեւ նշեց, որ խաղողագործության եւ գինեգործության ոլորտում եւս լավ արդյունքներ են գրանցվել. «Տարվա մթերումը փորձել ենք կազմակերպել գինեգործությամբ զբաղվող կազմակերպություններին ներգրավելով եւ մթերողների հետ միասին: Դիմել ենք մեր բոլոր մթերողներին եւ նրանք իրենց վճարումները կատարել են, մթերումներն արել են»:




























