Հայաստանում բրդի վերամշակման խնդիր կա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2018-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հարց ուղղելով գյուղատնտեսության նախարարին, թե ինչ է արվում այդ ուղղությամբ:

«Այսօր պահեստավորված բուրդ կա, որը չեն օգտագործում: Միջազգային կառույցների կողմից ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ սխալ են խուզում կենդանուն եւ բուրդը պիտանի չի լինում օգտագործման համար: Այժմ ծրագիր է մշակվում այն կազմակերպություններին, որոնք բրդից հուշանվերներ են գործում,  տալ սարքավորներ, որպեսզի ճիշտ խուզեն ոչխաներին»,-ասաց նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ այս հարցի կարգավորման համար աարքավորումների կարիք կա, բրդի որակի խնդիր կա, բացի այդ պետք է հասկանալ, արդյոք կա՞ պահանջարկ բրդի մթերման. «Եթե չի  մթերվում ՝ բուրդ հավաքելը միայն բավարար չէ: Եթե Հայաստանում բրդի վերամշակման պահանջարկ կա, համապատասխան ծրագիր կմշակենք»: