«Վեոլիա ջուր» ընկերությունը՝ արձագանքելով Աշտարակ-Դավիթաշեն ճանապարհահատվածի կառուցման խախտումների մասին NEWS.am-ի հրապարակմանը, հանդես է եկել հայտարարությամբ եւ ներկայացրել իր տեսակետը.
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը իրոք դժվարությամբ է առաջ ընթանում: Ավելի ճիշտ՝ դժվար էր առաջ ընթանում, քանի որ օրերս հնարավոր դարձավ որոշակի պարզություն մտցնել խնդրի մեջ եւ հույս կա, որ, ի վերջո, աշխատանքների ընթացքը կարագանա: Բայց այդ մասին հետո: Նախ՝ խնդրի պատճառների մասին:
Նշված օբյեկտի նախագծային փուլերից մինչեւ շինարարական աշխատանքների սկիզբը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային» ծրագրերի իրականացման գրասենյակի /ԾԻԳ/ եւ նախագծող կազմակերպության միջեւ եղել է սերտ համագործակցություն, կատարվել են բազմաթիվ համատեղ բնօրինակային ուսումնասիրություններ ու քննարկումներ, որոնց արդյունքում թողարկվել է իրականությանը հնարավորինս մոտ նախագիծ:
Սակայն նշված իրավիճակը փոխվեց Կապալառուի՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ գործունեություն ծավալելուց անմիջապես հետո: Մասնավորապես՝ շինարարական աշխատանքների առաջին օրերին նշված կազմակերպության կողմից գործող ջրագծից կատարվել է 65մմ տրամագիծ ունեցող ապօրինի միացում: Այդ մասին բանավոր տեղեկացվել է շինարարական աշխատանքները համակարգող կառույցին՝ Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ին, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-օրյա ժամկետում Կապալառուի կողմից սեփական կարիքների համար համապատասխան փաստաթղթերի ներկայացման եւ սահմանված կարգով ջրամատակարարման տեխնիկական պայման ստանալու վերաբերյալ: Սակայն Կապալառուն չի պահպանել պայմանավորվածությունը: «Վեոլիա Ջուրը» ստիպված է եղել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 30-ի 378-Ն որոշման համաձայն՝ կազմել ջրօգտագործման կանոնների խախտման ակտ, ջրազրկման արձանագրություն, այնուհետեւ խցափակել նշված միացումը: Մեր ընկերության հայցը՝ Կապալառուից 5,9 մլն դրամ բռնագանձելու մասին, ներկայումս գտնվում է դատական վարույթում:
Նշենք նաեւ, որ շինարարական աշխատանքների ընթացքում մոնտաժվող խողովակաշարերի ճնշումային փորձարկման, հիդրավլիկ փորձարկման, վարակազերծումով լվացման եւ այլ տեխնիկական աջակցության համար լիազորված Ընկերության ներկայացուցիչները՝ «Արեւմուտք» տարածաշրջանային տնօրինության տեխնիկական բաժնի մասնագետները, Կապալառուի ներկայացուցիչներին պարբերաբար տեղեկացրել են կատարվող աշխատանքների թերությունների մասին: Մասնավորապես.
նոր կառուցվող ջրագծերի միացման հանգույցների նախապատրաստական աշխատանքները իրականացվել են ոչ թե անկյունակների օգտագործմամբ, այլ ջրագծի կողքից՝ հակառակ կողմը խցափակելով, ինչը տեխնիկապես սխալ լուծում է բարձր ճնշումային ջրատարների միացման աշխատանքների իրականացման դեպքում եւ կարող է բերել վթարների առաջացման հավանականության ավելացման, ինչպես նաեւ համակարգի հուսալիության աստիճանի նվազեցման,
Մելքումով փողոց դուրս եկող նոր ջրագիծը, մինչեւ նոր կառուցվող ճանապարհի հետ հատումը, կառուցված է անթույլատրելի մեծ թեքման անկյունով, որը կարող է հանգեցնել օդի կուտակման եւ տուրբուլենտության երեւույթի առաջացման:
Հաշվի առնելով վերոնշյալ թերությունները, ինչպես նաեւ ներկայացված փաստաթղթերում թաքնված աշխատանքների ակտերը, եռակցման կարերի ռենտգեն ուսումնասիրման մասնագիտական եզրակացությունը եւ խողովակի ձեռք բերման վկայականի բացակայության հանգամանքը, բնական պետք է համարել, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն մերժում էր նոր կառուցվող խողովակաշարը գործող մայրուղային ջրատարին միացնելու համար վերջինիս ջրանջատման վերաբերյալ Կապալառուի դիմումները:
Միաժամանակ, հաշվի առնելով միացման աշխատանքների խիստ մասնագիտական բնույթը, Ընկերությունը Կապալառուին առաջարկել էր դիմել ջրմուղ-կոյուղու համակարգում նմանատիպ բարդ աշխատանքներ կատարած կազմակերպություններից որեւէ մեկի օգնությանը: Ի վերջո, նման փորձ արվեց, սակայն կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ, մեր կարծիքով, Կապալառուի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:
Այնուամենայնիվ, օրերս քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Վեոլիա Ջուրը, ելնելով ընդհանուր գործի շահերից, համաձայնվեց ապահովել պահանջվող ջրանջատումը, բայց՝ Կապալառուի կողմից միացման աշխատանքների համար անհրաժեշտ ժամանակահատվածի պահպանման ու դրա ուշացման դեպքում բաժանորդներին վճարվող փոխհատուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու պայմանով: Այն ընդունվեց Կապալառուի կողմից, մենք էլ մեր հերթին հոկտեմբերի 30-ին ապահովեցինք պահանջվող ջրանջատումը:
Ինչ վերաբերում է NEWS.am-ի հրապարակման մեջ նշված կոյուղաջրերի արտահոսքի եւ շինարարական հրապարակում վթարների առկայությանը, տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մասնագետների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ.
կոյուղաջրերի կուտակման պատճառ են հանդիսանում տարածքում ժամանակին բաժանորդների ապօրինի եւ շինարարական նորմերի խախտումներով կառուցած, վթարված ու խցանված անհատական միացումները, որոնք միացված չեն Վեոլիա Ջրի ջրահեռացման համակարգին, հետեւաբար մենք պատասխանատու չենք ստեղծված իրավիճակի համար: Դրանց հավաքման, տեղափոխման, այնուհետ Կապալառուի կողմից 500 մմ տրամագծով նոր կառուցվող ջրահեռացման համակարգերին միացման աշխատանքները պետք է ներառվեն նախագծային ծավալների մեջ, որը Ընկերության լիազորություններից դուրս է,
շինհրապարակում առկա ջրի վթարների առաջացման հիմնական պատճառը հենց Կապալառուի անփույթ աշխատանքն է խողովակաշարի սանիտարական եւ սպասարկման գոտիներում: Դրանց վերացումը իրոք աննպատակահարմար էր, քանի որ շրջանցման աշխատանքներից հետո այդ խողովակաշարը ջրազրկվելու եւ դուրս էր բերվելու շահագործումից:
Այսպիսով, կարելի է ասել, որ կողմերը Երեւանի քաղաքապետարանի միջամտությամբ գտան համագործակցության եզրեր, թնջուկը հարթվեց, գործն առաջ գնաց: Բայց Կապալառուի թույլ տված սխալները մնացին: Փաստորեն, «Վեոլիա Ջուրը» իր վրա վերցրեց թերություններով կառուցված խողովակաշարի շահագործման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը: Մինչդեռ դրանք կարող էին եւ չլինել, եթե Կապալառուն հավատարիմ մնար նախնական համաձայնությանը եւ կառուցեր ոչ թե այնպես, ինչպես հասկանում է ու կարողանում, այլ ինչպես պահանջվում է գործող շինարարական նորմերով ու կանոններով: Ջրամատակարարումն ու ջրահեռացումը, այնուամենայնիվ, առանձին մասնագիտություն է, որին տիրապետելու համար անգամ լավ ճանապարհաշինարար լինելը բավարար պայման չէ:




























