Փարաքարի միավորված դպրոցի 2 ղեկավարներն էլ չեն մնա իրենց տնօրենի պաշտոնում, այլ կնշանակվի մեկ այլ անձ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Զվարթնոց» օդանավակայանին հարող խաչմերուկը փակած դպրոցի սաների ծնողները: Նրանք պահանջում են, որ միավորված դպրոցի տնօրեն լինի, ոչ թե հիմնական դպրոցի Կարինե Մակարյանը, այլ միջնակարգի՝ Վարազդատ Հակոբյանը: Խաչմերուկը փակելուց հետո, ծնողների պատվիրակությանն իր մոտ ընդունել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու ասել, որ միավորված դպրոցում տնօրենի պաշտոնը չի զբաղեցնի նախկին դպրոցների տնօրեններից և ոչ մեկ:
Նշենք, որ Կառավարության որոշմամբ դպրոցների միավորման արդյունքում Փարաքարում միավորվել է 2 դպրոց՝ Փարաքարի միջնակարգ և հիմնական դպրոցը: Միավորման հետևանքով ստեղծված իրավիճակը վրդովվեցրել է նաև հիմնական դպրոց հաճախող աշակերտների ծնողներին, ովքեր դժգոհում են, որ դպրոցների միավորումը տեղի է ունեցել ուսումնական տարվա կեսին, ու բացի դրանից, նրանք անհանգստացած են կրթության հետագա որակից, քանի որ բազմամարդ դասարաններում տուժում է կրթության որակը:
Իսկ միջնակարգ դպրոցի սաների ծնողներին ծայր աստիճան զայրացրել է այն փաստը, որ իրենց դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին, նոր դպրոցում բաժին է հասել ընդամենը տնօրենի խորհրդականի պաշտոնը:
Նրանց խոսքով՝ Վարազդատ Հակոբյանը «փորձառու մանկավարժ, հարուստ կենսափորձ ունեցող, իմաստուն և ուղղամիտ մարդ է, և արժանի է, որ իր աշխատանքային վերջին տարիներն անցնեն պատվո և հարգանքի մթնոլորտում, և նա տնօրենի պաշտոնից գնա թոշակի (ըստ տեղեկությունների՝ Վարազդատ Հակոբյանը 2018-ի օգոստոսից կանցնի կենսաթոշակի)»:
Վարազդատ Հակոբյանի բարի համբավը, սակայն, միանշանակ չէ: Շրջանառվող լուրեր կան, որ նա իր տնօրինության ժամանակ միջնակարգ դպրոցում պաշտոնների է նշանակել «ծանոթ-բարեկամներին»: Ի դեպ, միավորման արդյունքում ազատված հիմնական դպրոցի համեմատաբար բարեկարգ շենքի մասին էլ նշում էին, որ այն վերածվելու է «առևտրի կենտրոնի»: Այս լուրերի հավաստիությունը ճշտելու համար NEWS.am-ի թղթակիցը այցելեց Փարաքարի գյուղապետարան:
Գյուղապետ Սամվել Վարդանյանի խոսքով՝ այդ լուրերը «աղերս չունեն իրականության հետ»: «Մենք առաջարկով հոկտեմբերի 23-ին դիմել ենք մարզպետարան և պետական գույքի կառավարման վարչություն, որպեսզի դպրոցի ազատված շենքում ստեղծվի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ հիմնական դպրոցի շենքը երբեք չի դառնա առևտրի կենտրոն, քանի որ ինքը ևս այդ դպրոցի սան է, և այդ շենքի նորոգման մի մասն էլ կատարվել է իր միջոցներով:




























