Արարատի մարզի Հայանիստ գյուղում ձկնաբուծական տնտեսությունից հեռացվող ջրերն ոռոգման նպատակով օգտագործման առաջին պիլոտային ծրագիրը հնարավորություն է տալիս ընդերքից հանվող ջրից ստացվող արդյունքը կրկնապատկել։ Այս մասին Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա Արարատի մարզ է այցելել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողություններին ուղղված միջոցառումների ընթացքին հետեւելու նպատակով:
Նախարարի խոսքով, ծրագիրը, որ գործում է արդեն մեկ տարի, շահավետ է թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական առումով։ Նախ, հնարավորություն է ընձեռնվում խորքային հորերից հանվող ջրերից տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ, ինչպես նաեւ թթվածնով հարստացվող ջրով ոռոգման դեպքում այն քանակի ազոտական պարարտանյութի անհրաժեշտություն այլեւս չի առաջանում, իսկ ոռոգման արդյունքում աճող պտուղը չի զիջում ոռոգման համար նախատեսված ջրով ոռոգվող հողերից ստացված բերքին։ Ավելին, խոսքը նրանց համային եւ որակական պարամետրերի մասին է։
Նախարարն ավելացրեց նաեւ, որ այդ ջրերի որակը ստուգվել է երկու անգամ եւ համեմատվել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ոռոգման ջրի համար սահմանած ցուցանիշների հետ,ինչպես նաեւ ստուգումներ են կատարվել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբարատորիայում։ Ըստ ստացված եզրակացության, սեխի ու ձմերուկի փորձարկված նմուշները համապատասխանում են սննդի անվտանգության նորմերին։
«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի ինժեներ Հայկ Պետրոսյանի փոխանցմամբ, 2 պոմպակայանները մատակարարում են յուրաքանչյուրը 250 խմ/ժ ջուր, որն ոռոգում է 40 հա հող, իսկ գյուղացիները, որպեսզի օգտվեն ջրից, պետք է վճարեն։
Նրա կարծիքով, անհեթեթություն է այն, որ ձկնաբուծարաններից բաց թողնված ջրով ոռոգված մթերքներից ձկան հոտ է գալիս, քանի որ այդ ջրով ջրված պտուղները անցել են մանրակրկիտ փորձաքննություն եւ ցույց տվել ավելի լավ արդյունք, քան շատ այլ սովորական ջրով ջրվածները. «Եթե այդպես մտածենք, ապա գոմաղբով պարարտացված հողերում աճող բանջարեղենները պետք է ունենային գոմաղբի համ»,- նկատեց նա։




























