Ռուսաստանը եվրոպական անվտանգության ենթակառուցվածքում կարեւոր խաղացող է: Այս մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ ՌԴ-ն  առանցքային դեր ունի եվրոպական անվտանգության ենթակառուցվածքում», - ասել է նա:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «մենք պատմական կետում ենք գտնվում, երբ կարեւոր է Եվրոպայում առանցքային դերակատարների միջեւ  վստահությունը վերականգնել»:

 «Ես կարծում եմ, որ հնարավոր է վերականգնել վստահությունը, բայց դա պահանջում է բոլոր երկրների ջանքերը, յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա», - ընդգծել է Գրեմինգերը:

Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ-ն ինչպես նախկինում կարողանում է աշխատել ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման ուղղությամբ:

«Ես համոզված եմ, որ ԵԱՀԿ նման միջազգային կազմակերպությունը կարող է կանխել ճգնաժամերի վերածումը հակամարտության  եւ օգնել անդրազգային խնդիրների լուծմանը», - ասել է նա,- հիմա դա կարեւոր է, ինչպես երբեւէ»: