Կանանց հաճոյախոսություններ անելը հիմա վտանգավոր է դարձել: Համաշխարհային միտումներից ելնելով՝ տղամարդը կարող է աշխատանքից զրկվել այն պատճառով, որ համարձակվել է կնոջն ասել, թե նա գեղեցիկ է: Հենց այսպիսի բան է պատահել 76-ամյա բրիտանացի քաղաքական գործիչ Քելվին Հոփքինսի հետ: Լեյբորիստական կուսակցության պատգամավորին Բրիտանիայի խորհրդարանական աշխատանքից հեռացրել են երիտասարդ կնոջը «անտեղի» հաորդագրություն ուղարկելու համար, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Բրիտանացի ջենթլմենը իր հիացմունքն է հայտնել նրա հաճելի արտաքինի վերաբերյալ՝ նրան «գեղեցիկ» անվանելով: Տիկինը որոշել է, որ իր նկատմամբ ոտնձգություն են կատարում: Դրա համար նրանից մի ամբողջ տարի է պահանջվել:
Հոփքինսի «անտեղի» հաճոյախոսությունները հետեւյալն էին. ինչ-որ միջոցառումից հետո, որտեղ նա ծանոթացել է 27-ամյա Ավա Էթեմադզադեի հետ, վերջինին հաղորդագրություն է ուղարկել՝ նրան անվանելով «սքանչելի հմայիչ երիտասարդ կին» եւ նշելով, որ «ցանկացած երիտասարդի բախտը կբերի, եթե նա դառնա նրա ընկերուհին եւ սիրելին», այնուհետեւ երազանքով հավելելով՝ «եթե ավելի երիտասարդ լինեի»: Համաշխարհային հիստերիայի ֆոնին Ավան մեկ տարի հետո մտածել եւ որոշել է, որ նման հաճոյախոսությունները իր պատվի դեմ ոտնձգություն են, եւ բողոքել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հրաժարական էր ներկայացրել այն հրապարակումից հետո, որ 15 տարի առաջ հպվել է իր նկատմամբ անտարբեր կնոջ ծնկին:



























