Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյաննմ այսօր՝ նոյեմբերի 3-ին, այցելել է Սոֆիայում կազմակերպված «Բնական եւ կենսաբանական մթերքներ առողջության եւ գեղեցկության համար» խորագրով տոնավաճառ, որտեղ առաջին անգամ առանձին տաղավարով ներկայացված էր հայկական ընկերության արտադրության բնական կոսմետիկա ծիրանի, ծիրանի կորիզի եւ մեղրի էկոլոգիապես մաքուր հումքից եւ ավանդական բաղադրատոմսերով:

Նշված տեսականին ներկրող բուլղարական ApricoPro ընկերության նախագահ Մարգարիտա Վասիլեւան տեղեկացրեց, որ նման ապրանքներ Հայաստանից առաջին անգամ են ներմուծվում Բուլղարիա:

Գոհունակությամբ նշելով, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հաճախորդների եւ մասնագետների շրջանում՝ նա, այնուամենայնիվ, արձանագրեց, որ դեռեւս պետք է շատ աշխատել, որպեսզի այն գտնի բուլղարական շուկայում իր պատշաճ տեղը: Վասիլեւան ավելացրեց, որ առաջիկայում ընկերությունը ծրագրում է հայկական արտադրանքը ներկայացնել նաեւ Պլովդիվ, Վառնա եւ Բուրգաս քաղաքներում:  

Ողջունելով ընկերության նախաձեռնությունը՝ դեսպան Ա. Սարգսյանը նշեց, որ դեսպանությունը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Բուլղարիայում հայկական ապրանքների ներկայացման եւ տարածման գործում: Այս առնչությամբ նա տեղեկացրեց, որ ս.թ. դեկտեմբերի սկզբին Սոֆիայում կազմակերպվում է ամենամյա բարեգործական տոնավաճառ, որին առանձին տաղավարով մասնակցելու է նաեւ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը: Դեսպանն առաջարկեց „ApricoPro“ ընկերությանը հայկական այլ ապրանքների հետ մեկտեղ ներկայացնել նաեւ իր տեսականին: Նախաձեռնությունը շնորհակալությամբ ընդունվեց ընկերության կողմից։