Վարկառուների արտահայտությամբ՝ կարծիք կա, որ անշարժ գույքի գնահատման ընկերությունների գնահատումը կա՛մ արհեստականորեն նվազեցված է, կա՛մ չափից ավելի պահպանողական: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանը:

Նրա հավաստիացմամբ՝ իրեն նման դեպքեր հայտնի չեն: «Ես չգիտեմ՝ արդյոք նման բան արվե՞լ է անշարժ գույքի գնահատման ընկերությունների կողմից: Սակայն չեմ էլ կարող ասել, որ նման բան չկա»,- պարզաբանեց Ադուրյանը՝ հավելելով, որ շուկայական արժեքից բացի, գնահատողները գնահատում են նաեւ կոնկրետ անշարժ գույքի լիկվիդայնությունը:

Փորձագետը նշեց, որ բանկերը համագործակցում են գնահատող ընկերությունների հետ: Ընտրությունը կատարվում է մրցույթով: Անցկացվում է շատ խիստ, թափանցիկ մրցույթ, որը բխում է մրցույթը կազմակերպողի՝ բանկի կամ վարկային կազմակերպության շահերից: Ուշադրություն է դարձվում տվյալ ընկերության գործունության տարիներին նրա վարկային դրական պատմությանը, ինչպես նաեւ գործի հանդեպ պատասխանատու վերաբերմունքին: