ՀՀ բնապահպանության նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կազմել են բնապահպանական խախտումների մասին 6 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության, 2  ապօրինի արածեցման եւ 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Առգրավվել է 8 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 87 հատ սիգ տեսակի ձուկ եւ 12 կգ խեցգետին: 55 հատ ձուկ հանձնվել է Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 32-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 13 անտառխախտման դեպք եւ արձանագրվել 263 ապօրինի հատված ծառ: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ եւ փոխանցվել ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին:

2017թ. հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցի հետ համատեղ շրջայցի ժամանակ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ի հարակից անտառամերձ տարածքներում հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպքեր: Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարվել են հատված ծառերի կոճղերի զննություն, չափագրում եւ կոճղերի համարակալումներ: Արձանագրվել է հատված թվով 36 ծառ եւ 3 ճյուղ:

Բնությանը հասցված վնասի չափը հաշվարկվում է: