Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:
Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն գործարար հանրության, առեւտրաարդյունաբերական պալատների, զարգացման մասնագիտացված գործակալությունների մակարդակով շփումները: Այս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարեւորությունը:
Հայաստանի վարչապետը հատկապես կարեւորել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երեւանի եւ Տաշքենդի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության ստեղծման, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցերին:
Կարեն Կարապետյանը եւ Աբդուլա Արիպովը պայմանավորվել են նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին, որը կհանգեցնի երկու երկրների միջեւ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի ակտիվացմանը:
Այսօր երեկոյան նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետի հանդիպումն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ:




























