Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրի հիմնական հասցեատերը ԿԳՆ-ն չէ, առաջին պատասխանատուն ծնողն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման եւ ուղղորդման կարգը», որը նպատակ ունի ապահովել  յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը: Հանրային քննարկման արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Սյուզան Մակյանի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման եւ ուղղորդման կարգի» նախագծով սահմանվում են այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համար:

Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը ցավոտ է եւ դրա կարգավորման նախկինում եղած իրավական նորմերը հարցին ամբողջական լուծում չէին տալիս.

«Կրթության եւ գիտության նախարարությունը խնդրի հիմնական հասցեատերը չէ: Երեխան կրթության եւ գիտության նախարարության տիրույթում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ նա գոնե մի անգամ դպրոց է հաճախում: Երեխայի կրթության իրավունքի ապահովման համար առաջին հերթին պատասխանատու է ծնողը, ով պարտավոր է երեխային ժամանակին դպրոց ուղարկել: Պատասխանատու են նաեւ տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ովքեր իրականացնում են երեխաների հաշվառման վերահսկողությունը: Տարիների փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ունենալ միասնական  մեխանիզմ, որտեղ ներգրավված կոնկրետ օղակները պատասխանատվություն կկրեն կրթությունից դուրս մնացած երեխաների համար: Նոր կարգով փորձ է արվել ստեղծել միասնական էլեկտրոնային  համակարգ, որը մշակել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որով կրթությունից դուրս մնացած կամ կրթությունը տարբեր պատճառներով ընդհատած  երեխաների արագ հայտնաբերման եւ նրանց դպրոց վերադարձնելու հնարավորություն է ապահովում»,- նշել է Ս. Մակյանը:

Բանախոսի խոսքով՝ կրթությունից դուրս մնացածների երեք  թիրախային խումբ է առանձնացվում. Երեխաներ, ովքեր ընդհանրապես դպրոց չեն հաճախել, երեխաներ, ովքեր դպրոց հաճախել են, սակայն տարբեր պատճառներով այն անավարտ են թողել  եւ երեխաներ, ովքեր հաճախում են ընդհատումներով:  Հստակ տեղեկատվություն, թե ՀՀ-ում քանի երեխա ընդհանրապես դպրոց չի  հաճախել չկա, քանի որ նախկինում նման  վիճակագրություն չի իրականացվել՝ համապատասխան գործիքների բացակայության պատճառով: Ներդրվող համակարգը լուծելու է նաեւ այս խնդիրը: