Անկախ 2017 թվականին գրանցած տնտեսության արդյունքներից, ինչպես պնդում են կառավարական պաշտոնյաները, անշարժ գույքի գներն ընկել են։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին ասել է անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանը։
Նրա խոսքով՝ նվազել են բնակարանների եւ տների գները։ «Ի համեմատություն անցյալ տարվա՝ այս տարի մեկ քառակուսի մետրն արժի արդեն ոչ թե 338 հազար, այլ 303 հազար դրամ»,- պարզաբանել է Ադուրյանը՝ հավելելով, որ սկսած 2008-ից՝ անշարժ գույքի շուկայում լուրջ գնանկում է գրանցվել։
Փորձագետի կարծիքով դա է այն բանի պատճառը, որ այսօր անշարժ գույքի հազարավոր օբյեկտներ բանկերում գրավ են դրված եւ մնում են բանկերում, քանի որ վարկառուն վճարունակ չէ, իսկ բանկերն էլ չեն կարողանում դրանք վաճառել։ Նախքան տնտեսական ճգնաժամը անշարժ գույքի շուկայում գրանցվել էին ամենաբարձր գները, ինչը նրա կարծիքով դրական նշան էր։
«Անշարժ գույքի գները բարձր էին։ Գնողունակությունը՝ նույնպես։ Մարդիկ վարկեր էին վերցնում, գրավ դնում, սակայն դրանից հետո տնտեսական ճգնաժամն իր ճշգրտումները կատարեց»,- ամփոփեց Ադուրյանը։




























