Մենք մենաշնորհների դեմ չենք պայքարում, եւ դա ընդունված է ամբողջ աշխարհում, մենք պայքարում ենք չարաշահումների դեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Տավուշի մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ Մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը՝ ավելացնելով, որ դեպքերի մեծամասնության պարագայում պետք է խոսել ոչ թե մենաշնորհի, այլ գերիշխող դիրքի մասին, քանի որ եթե ոլորտում առկա են նաեւ այլ ընկերություններ, դա արդեն մենաշնորհ չէ, իսկ ՏՄՊՊՀ-ն հետեւում է, որ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների կողմից չիրականացվեն չարաշահումներ։
Որպես չարաշահման օրինակ, նա ներկայացրեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնտեսական եւ մարկետինգային քաղաքականությունը։ Վերջինս, անվճար սառնարանների տրամադրման, զեղչային համակարգի, վճարումների հետաձգման միջոցով հասել էր նրան, որ շուկայում գերիշխող դիրքի էր հասել՝ հնարավորություն չտալով մրցակիցներին հավասար պայմաններով գործել։ «Կոկա կոլայի» դեմ բողոքել էր «Պեպսի կոլան» եւ խնդիրը ՏՄՊՊՀ-ի ջանքերով աստիճանաբար վերացվել է։
Խոսելով անբարեխիղճ մրցակցության հայտնաբերված օրինակների մասին՝ Արման Մանասերյանը նշեց․ «Ամեն խտացրած կաթ չէ, որ կարող է համարվել խտացրած կաթ: Նույնն կարելի է ասել թթվասերների մասին, որոնք բուսական յուղերով են պատրաստվում, այնինչ պետք է կենդանական յուղով լինեին»։
Նրա փոխանցմամբ, անբարեխիղճ մրցակցության դեպքերի շարքում տարածված է գնորդին անորոշության մեջ դնելը զեղչային քաղաքականության միջոցով, այն դեպքում, որ իրականում զեղչը տարածվում է ապրանքների քիչ մասի կամ ընդհանրապես զեղչ արված չէ՝ չնայած գովազդային հայտարարություններին։ Շփոթություն է առաջ բերում նաեւ աշխարհահռչակ բրենդների օգտագործումը առանց համապատասխան թույլտվության՝ օրինակ Apple, Adidas, Microsoft եւ այլն։
Իր խոսքի ավարտին, Մանասերյանը նշեց, որ այդպիսի դեպքերը գտնվում են ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում՝ խնդրելով մանրածախ եւ մեծածախ առեւտրով զբաղվող գործարարներին իրենց մոտ եւս այս հարցերով ստուգումներ անել եւ խուսափել նման խախտումներից, որպեսզի խուսափեն տուգանումներից եւ այլ տույժերից։




























