Կիրակի՝ նոյեմբերի 5-ին հանրապետության 49 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Իշխող Հանրապետական կուսակցությունը համայնքների գերակշիռ մասում թեկնածուներ է առաջադրել։ «Ելք» դաշինքը որեւէ համայնքում թեկնածու չի առաջադրել, Կոտայքի մարզի համայնքներում հիմնականում ԲՀԿ-ականներ են առաջադրվել, Սյունիքում՝ ՀՀԿ-ականներ։
Այս ընտրություններում ինտրիգային համարվող Արտաշատում քաղաքապետի թեկնածուի համար կպայքարի միայն ՀՀԿ-ական թեկնածուն, Արարատում էլ ՀՀԿ-ական թեկնածուն մրցակից չունի։
Իրավիճակը լարված է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում։ Քաղաքապետի պաշտոնի համար միմյանց դեմ պայքարելու են գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանը։ Ըստ Ճամբարակում տարածված տեղեկությունների՝ գործող համայնքապետը փորձել է սպառնալիքներով հետ կանգնեցնել մրցակցին, սակայն վերջինը որոշել է պայքարել։
Լարված ընտրություններ են սպասվում նաեւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ միմյանց դեմ կպայքարեն գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) խորհրդական Սամվել Հարությունյանը։ ՀՀԿ-ն սատարում է Առուշանյանին։ ՀՅԴ-ն թեկնածու է առաջադրել Տավուշի մարզի Աչաջուր եւ Շիրակի մարզի մարմարաշեն համայնքներում:




























