Վրաստանի կառավարությունը մտադիր չէ թոշակներն ավելացնել 2018 թվականին:  Այդ մասին նախօրեին լրագրողներին հայտնել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն, հաղորդում է Aliq.ge-ն: 

Նշենք, որ Վրաստանում կանանց՝ 60 տարեկանից բարձր եւ տղամարդկանց՝ 65 տարեկանից բարձր ամսական թոշակը կազմում է 180 լարի (64,4 դոլար)։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է մոտ 40 400 դրամ (84 դոլար):

«Այս տարի բյուջեում ռեսուրսներ չկան թոշակների ավելացման համար, ուստի մենք իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք պետք է նպաստեն տնտեսական աճին»,- ասել է Կակաուրիձեն:

Վրաստանում վերջին անգամ թոշակները բարձրացել են 2016թ․ օգոստոսին՝ 12.5 տոկոսով՝ հասնելով մինչեւ 180 լարիի։

2018 թ. ամռանն արդեն Վրաստանի կառավարությունը նախատեսում է անցնել կուտակային կենսաթոշակային համակարգի, որը պարտադիր կդառնա 40 տարին չլրացած անձանց եւ ընտրությամբ 40-ից բարձր անձանց համար։

2018 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ սոցիալական համակարգին եւ կենսաթոշակներին հատկացվող գումարները նախատեսվում են 2 մլրդ 465.9 մլն լարիի չափով, ինչը 27.9 մլն լարիով ավել է ընթացիկ տարվա բյուջեից։