Նոյեմբերի 4-ին Բոննում գրեթե 7 հազար մարդ մասնակցել է կլիմայի պաշտպանության ցույցին: Այն անցկացվել է նոյեմբերի 6-ին սկսվող ՄԱԿ կլիմայի հարցերով համաժողովի նախաշեմին, փոխանցում է DW-ն:

Բոննի մայր տաճարի մոտ քաղաքի կենտրոնական հրապարակում միջոցառումը սկսվել է հանրահավաքով: Ակցիայի լեյտմոտիվն էր Գերմանիայում ածխային ՋԷԿ-երն անջատելու պահանջը եւ քարածուխից էլեկտրաէներգիայի արտադրության դադարեցումը:

Ցուցարարները պարզել էին այսպիսի գրություններով պաստառներ. «Թրամփ՝ սա կլիմայական ցեղասպանություն է», «Ածխային լոբբիի անդամներ, տաք հագնվեք, մենք չենք նահանջի», «Ես կլիման եմ»:

Ակցիան շարունակվել է երթով այն թաղամասի ուղղությամբ, որտեղ գտնվում էին կառավարական շենքերի մեծ մասը այն տարիներին, երբ Բոննը Գերմանիայի մայրաքաղաքն էր: Այնտեղ են ավելի ուշ եկել հեծանվավազքի մոտ 1000 մասնակիցներ, որոնք ընթացել են Քյոլն-Բոնն երթուղով: