Պենտագոնը վերլուծել է ԱՄՆ եւ ԿԺԴՀ միջեւ ռազմական գործողությունների հնարավոր հետեւանքները: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի ռազմաքաղաքական հարցերով փոխտնօրեն, ծովակալ Մայքլ Դյումոնտը տվյալներով զեկույցը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ուղարկել:
Ըստ պարբերականի՝ ավելի վաղ կոնգրեսականներ Ռուբեն Գալեգոն եւ Թեդ Լյեն պաշտպանական գերատեսչությունից ԿԺԴՀ պատերազմի դեպքում ԱՄՆ կորուստների եւ հակամարտության հնարավոր սցենարների մասին տեղեկություններ էին խնդրել:
«Պաշտպանության նախարարությունը արտակարգ իրավիճակների դեպքում գործողություների մի քանի ծրագիր ունի, որոնք թույլ կտան պաշտպանել մեր կարեւոր ազգային շահերը: Այդ ծրագրերը հնարավորությունների լայն ընտրություն են ներառում, այդ թվում երրորդ կողմի միջամտությունը, ինչպես նաեւ հակամարտության զսպման լավագույն միջոցները», - պատասխան նամակում նշել է Դյումոնտը:
Նա նշել է, որ ԿԺԴՀ բոլոր միջուկային օբյեկտները գտնել եւ վերացնել հնարավոր է միայն ԱՄՆ ցամաքային զորքերի ներխուժման դեպքում, ինչին Փհենյանը կարող է քիմիական եւ կենսաբանական զենքի կիրառմամբ պատասխանել:




























