Որքանո՞վ է արժանահավատ այն պնդումը, որ 2018-ին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 3.5 տոկոս գնաճ: Այս հարցադրմամբ այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Որքանով է արժանահավատ այս տվյալը, եթե հաշվի առնենք, որ ԵՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են։ Արդյոք այդ հանգամանքի բերումով լայն սպառման մի շարք ապրանքներ չեն թանկանալու։ Կարագն արդեն իսկ թանկացել է, դա կշարունակվի՞, թե չէ», - ասաց Փաշինյանը։

Ի պատասխան, Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ասաց, որ նշված 3,5 տոկոսը բյուջեով դեֆլյատորի կանխատեսումն է, իսկ գնաճը կանխատեսվել է 4 ±1,5 տոկոսի միջակայքում: «Եթե բավարար չեն այս հաշվարկներն, ըստ Ձեզ, պատրաստ ենք քննարկել, բայց դա լավագույնն է, որ կարող ենք ունենալ, մենք վերցրել ենք լավագույն փորձը, եւ կիրառել ելակետային տվյալները, ներկայացրել բյուջեի օրենքի շրջանակներում»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ ըստ որոշ փորձագետների կանխատեսումների, մի շարք լայն սպառման ապրանքներ թանկանալու են 2018-ին՝ ԵՏՄ մաքսային օրենսգքրի ուժ մեջ մտնելուց հետո», Ջանջուղազյանը համաձայնեց, որ որոշ ապրանքատեսակներ կարող են թանկանալ. «Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին, դրանց դժվար է որեւէ կերպ արձագանքել, քանի որ դրանց տակ եղած դատողությունների համակարգը բացակայում է, հիմնավորումներ չկան, այն, ինչ ներկայացվել է  նախագծում, դրանից ավելի լավ կանխատեսում ունենալ չենք կարող»: