Արդեն երեք տարի կենսաթոշակները, ընտանեկան նպաստները ու նվազագույն աշխատավարձերը չեն բարձրանում, բայց բյուջեի նախագծում գնաճի որոշակի ցուցանիշ ենք նախատեսում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Եթե կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում, մարդկանց ի՞նչ ուղերձ ենք հղում, չե՞նք ասում, որ 10 տոկոսով ավելի վատ եք ապրելու: Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ, թե կառավարությունն ինչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ է դնում աղքատության հետ կապված, մենք ինչքանի՞ ենք հասցնելու այդ ցուցանիշը»,-հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ աղքատության վերացման վրա ամենամեծ ազեցությունը տնտեսական աճն է ունենում. «Մյուս կողմից դա չի նշանակում, որ սոցիալական պաշտպանվածության ծրագրերը չունեն ազդեցություն։ Յուրաքանչյուր տարի, ըստ պաշտոնական տվյաների, կենսաթոշակառուների շրջանակում ուենցած աղքատության նվազեցում է արձանագրվում»։
Ի պատասխան Արտեմ Ասատարյանն ասաց. «Այո, վերջին անգամ 2014-2015թթ-ին ենք բարձրացրել կենսաթոշակները և այս ընթացքում առիթ է եղել ասելու, որ ընթացիկ ծախսերն ավելացնելը պարտք ներգրավելու միջոցով ցանկալի չէ»: Նա համաձայնեց, որ եթե անձի միակ եկամուտը կենսաթոշակն է, այս խնդիրն իսկապես առկա է. «Երբ խոսում ենք աղքատության կրճատման մասին, ամենամեծ ազդեցությունը դրա վրա ունենում է տնտեսական աճը, որովհետև հասկանալի է, եթե երկրում կա ավելի շատ բյուջե, ավելի մեծ բաշխում է լինում, մյուս կողմից չի նշանակում, որ սոցիալական պաշտպանության ծրագրերն ազդեցություն չունեն: Եթե նայենք, դրանց ազդեցությունը վերջին տարիներին ավելացել է»:
Նախարարը նաև հավելեց, որ կառավարության հռչակած քաղաքականությամբ՝ փորձում են առավել ճիշտ ուղղել տրվող սոցիալական աջակցությունը, այսինքն՝ ճիշտ թիրախ ու շերտեր ընտրել:




























