ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երեւանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի եւ ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան, չի կատարվել արտադրանքի  լաբորատոր հսկողություն: Ա/Ձ Արմեն Խոստեղյանին հանձնարարվել է արտադրական գործընթացը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին եւ անվտանգության պահանջներին:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Արգամ Ասլանյանին («Ձորն Անուշ» ապրանքանիշ) ու Մուրադ Հովսեփյանին («Եղեգիս» ապրանքանիշ) Ծառայությունը թույլատրել է վերսկսել աշխատանքը: Տնտեսվարողները վերացրել են ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների իրենց արտադրություններում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների եւ մակնշման խախտումները: