Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել, որ մշակի սրտի ստենտավորման մի գին, որը տրամանաբական կլինի երաշխավորված պետպատվերի դեպքում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշեց Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես է նախարարությունը գնահատում սրտի ստենտավորման գնագոյացման խնդիրը. «Ինչ եք կարծում, այդ գինը համապատասխանո՞ւմ է իրական շուկայական արժեքին: մարդիկ արդեն սրտի վիրահատության համար սկսել են գնալ Թիֆլիս»,-ասաց նա:

Ի պատասխան նախարարը նշեց, որ սրտի ստենտավորման գնի մշակման հարցում հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ, այդ թվում դա ենթադրում է, որ բուժհաստատությունը պետք է ունենա 10 տոկոս երկամտաբերություն: «Այդ դեպքում մեզ կհաջողվի գինը հասցնել 700-750 հազար դրամի: Դա երեւի կհայտարարվի 2018 թվականին եւ կաշխատի»,-ասաց նա: