Պետք է պետպատվերի տրամաբանությունը հիմնովին փոխվի, եւ պետպատվերը կրթաթոշակային հիմնադրամով փոխարինվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Կրթաթոշակային հիմնադրամի կեսը կլինի սոցիալական, եւ հնարավորություն կլինի ճիշտ քաղաքականություն վարել: Երբ տեղադրվի անվճարի չափը՝ արդեն կկարողանանք ուղղորդել նաեւ դիմումատուին դեպի քիմիա, կենսաբանություն, որտեղ պետությունը մասնագետի կարիք կունենա»,-ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ կրթաթոշակային այս ձեւն աշխարհում ընդունված է՝ նախապես դիմել հիմնադրամին, այնուհետեւ որոշում կկայացվի՝ ուսանողը կրթաթոշակ կստանա, թե ոչ:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ 2018թ. բյուջեով այդ դրույթը չի ներկայացվել՝ սպասում են, որպեսզի զինապարտության օրենքը անցնի, տարկետումը առանձնացնեն պետպատվերից եւ նոր միայն գումարներ հատկացնեն եւ համակարգ ներդնեն: