Շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու գաղափարը առայժմ կյանքի չի կոչվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու վերաբերյալ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունները պարզվում է՝ կարծիքներ փոխանակելու նպատակով է եղել: Ալթունյանը նշեց, որ ինքն ընդամենը քննարկման ժամանակ ներկայացրել է տասնամյակներ առաջ ձեւավորված տեսակետը, ըստ որի տարեցները երբեմն ոչ թե առողջական վիճակի գանգատներով, այլ ձանձրույթի պատճառով են կանչում շտապօգնություն:
«Դա կարծիքների փոխանակում էր, եւ ես պատմում էի իմ փորձի մասին, երբ ես այն ժամանակ ինստիտուտում էի սովորում եւ աշխատում էի շտապօգնության ծառայությունում: Սա նախագիծ չէր եւ հիմնված չէր լուրջ ուսումնասիրությունների վրա եւ դրա հետ մեկտեղ պետք է ասեմ, որ այսօրվա հայտարարությունը չի նշանակում, որ հարցը չկա եւ այն արդիական չէ: Անարդյունավետ կատարված կանչեր կան, կան կանչեր, որոնք առաջնային օղակի խղճի վրա են, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության, մի քիչ էլ չարաշահման խղճի վրա են»,-ասաց նախարարը:
Լեւոն Ալթունյանը վստահեցրեց, որ մոտակա ժամանակահատվածում՝ կես կամ մեկ տարվա ընթացքում շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու հարցին չի անդրադառանալու:




























