2018 թվականին կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում կգործի ամբողջովին, իսկ համակարգին կմիանա եւս 50 հազար մարդ։ Այս մասին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
Նշենք, որ հունվարի 1-ից կուտակային համակարգը պարտադիր կլինի նաեւ մասնավոր սեկտորի համար։
Այնտեղ աշխատողները նույնպես պետք է իրենց կուտակային հաշիվներին փոխանցեն աշխատավարձի 5 տոկոսը։ 5 տոկոսն էլ վճարելու է պետությունը։ Կառավարության կարծիքով ավանդական կենսաթոշակային համակարգն իրեն արդեն չի արդարացնում, քանի որ բնակչությունը սկսում է ծերանալ։
Համապատասխանաբար, քաղաքացիների եւ պետության ընդհանուր վճարումները կկազմեն 42.6 մլրդ դրամ կամ 49 տոկոսով ավելի շատ, քան 2017 թվականին։
Հիմա կուտակային համակարգում ներառված է 161.9 հազար աշխատող քաղաքացի, այդ թվում՝ պետական սեկտորի աշխատողները։ 2018-ի հուլիսի 1-ից նրանց կմիանան եւս 57.9 հազարը։




























