Տավուշի մարզում, նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Իջեւան քաղաքում գործող «Արմար» ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած «Նիկար-02» եւ «Գեղաշեն-02» թիմերի ֆուտբոլային խաղի ավարտից հետո ծեծի է ենթարկվել խաղը սպասարկող գլխավոր մրցավար, Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Մկրտչյանը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավար է, եւ երբ խաղն ավարտվել է, նրան են մոտեցել Արտակ, Արամ եւ Արմեն Խաչատրյանները, ովքեր վիճաբանել են գլխավոր մրցավարի հետ եւ հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետեւանքով նրան պատճառվել է մարմնական վնասվածքներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմեն Խաչատրյանը «Նիկար-02» թիմի ղեկավարն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Դ. Մկրտչյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Ա. Ա. Խաչատրյաններին հայտնաբերելու ուղղությամբ։