2019 թվականի հունվարի 5-ից ԱՄՆ-ն Նիկարագուայի քաղաքացիների համար չեղյալ կհամարի «ժամանակավոր պաշտպանված անձ» կարգավիճակը, երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Այս ժամկետը նրանց թույլ կտա ԱՄՆ-ում այլ օրինական կարգավիճակ ստանալու հնարավորություն գտնել կամ պատրաստվել ԱՄՆ-ից հեռանալուն, իսկ Նիկարագուայի համար ժամանակ է իր քաղաքացիներին ընդունելու համար»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ «ժամանակավոր պաշտպանված անձի» կարգավիճակ էին ստանում մարդիկ, ովքեր ստիպված էին եղել իրենց երկրից հեռանալ  մարտական գործողությունների, տարերային աղետների եւ այլ խոշոր արտակարգ իրավիճակների պատճառով: Նիկրագուայի նկատմամբ այսպիսի որոշում էր ընդունվել «Միթչ» փոթորկի հետ կապված, սակայն հիմա Վաշինգթոնում կարծում են, որ երկրում պայմանները փոխվել են:

Նա հայտնել է, որ այս որոշումն առայժմ Հոնդուրասի քաղաքացիների նկատմամբ չի կիրառվի, եւ նրանց կարգավիճակը կերկարացվի:
ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ ներկայումս երկրում է գտնվում Նիկարագուայի 5300 քաղաքացի եւ Հոնդուրասի 86 հազար քաղաքացի: