Կնոջը դաժանաբար սպանելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մելիքսեթյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած դատավճռի հետ եւ պատրաստվում է բողոքարկել այն: Այս մասին NEWS.am-ին ասաց Մելիքսեթյանի պաշտպան Համլետ Ստեփանյանը:
«Իմ պաշտպանյալը շարունակում է պնդել, որ դիտավորյալ սպանություն տեղի չի ունեցել: Նա ընդունում է, որ ծեծել է կնոջը, բայց դիտավորյալ չի սպանել. կինն ընկել է ջուրը եւ խեղդվել»,- ասաց Համլետ Ստեփանյանը՝ նշելով, որ մտադիր են Վերաքննիչ բողոք ներկայացնել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Մելիքսեթյանը 2016թ. սեպտեմբերի 19-ին ժամը 22:00-ի սահմաններում կնոջը, կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճել է նրա հետ: Վիճաբանության ընթացքում նախ մեքենայի մեջ, ապա հարակից դաշտամիջյան հատվածում ծեծել է կնոջն ու պարանոցը սեղմելով շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել նրան:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման:



























