«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հավաքվել էին տեղամասի բակում՝ ղեկավարության կողմից իրենց նկատմամբ տարվող քաղաքականության դեմ բողոքելու ու իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար: Բողոքողների թվում էին ոչ միայն աշխատանքից ազատված 5 ու նկատողություն ստացած թվով 19 աշխատակիցները, այլև նրանք, որոնք այս պահին աշխատում են, սակայն մտավախություն ունեն, որ հաջորդ նկատողություն ստացողներն ու աշխատանքից ազատվողներն իրենք են լինելու:
«Օրենք չկա՞ Հայաստանում: Էս էլ կկվի պատմությո՞ւնն ա՝ կացինը բերեմ ծառը կտրեմ: Ո՞ւմ ծառը կտրի, որպես ի՞նչ կտրի: Գալիս են առավոտից իրիկուն աշխատում, որ իրիկունը հաց տանեն տուն, նրանք էլ գան մեր հացը կտրե՞ն»,- բողոքում է հսկիչներից մեկը:
Աշխատանքից ազատավածներից մեկն էլ Լոռու տեղամասի վերահսկողության խմբի վերահսկող Համլետ Խալաթյանն է:
«Օգոստոսի 8-ի ատեստավորումից հետո օգոստոսի 29-ից ազատված ենք աշխատանքից 5 աշխատակիցներով: Երևանի ղեկավարության կողմից որպես ազատման պատճառաբանություն նշվել է ատեստավորումը ոչ պատշաճ պատասխանելու պատճառով պաշտոնին անհամապատասախան լինելը: Բայց մենք համաձայն չենք, քանի որ մի քանի ամիս առաջ՝ մայիսի 29-ին եղել էր ատեստավորում ու ընդունել էին աշխատանքի որպես հիմնական աշխատողներ»,- ասում է նա:
Աշխատակիցները կրկնակի ատեստավորման անցկացումը համարում են ոչ օրինական: Աշխատանքային իրավունքների վերականգնման համար աշխատանքից ազատվածները դիմել են դատարան, նրանց շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Ճարոյանը:
Փաստաբանի կարծիքով ընկերությունը Լոռու մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատելու ու այլ անձանց ընդունելու հեռահար նպատակ ունի:
«Սա կարծում եմ ընկերության ղեկավարության կողմից Լոռու մարզային տեղամասի առևտրային տնօրենի դեմ կատարվող քայլ է ու երբ տեսան, որ տնօրենը բողոքարկեց նկատողության ու աշխատանքից ազատման հրամանները, հիմա էլ անցել են ամբողջ համակարգին»,- կարծիք հայտնեց փատաբանը:
Վերջինս վստահ է՝ դատարանում իրենք հաղթանակ են տանելու, քանի որ աշխատակիցների նկատմամբ ձեռնարկված քայլերը հակասում են աշխատանքային օրենսգրքի ու ներքին իրավական ակտերին:




























